Շատ երկար ժամանակ գլխումս մի միտք է պտտվում: Ավելի հարմար առիթ չեղավ արտահայտվելու:
Քաղաքականության մեջ էլ, ինչպես կյանքում, ինձ համար երախտագիտությունն ու հավատարմությունը մարդկային ամենաբարձր առաքինությունն են: Բացակայությունը՝ դավաճանության նման մի բան: Հատկապես, երբ դավաճանվում է պարտվածը, ընկածը, նեղության մեջ գտնվողը:
Մենք միշտ կենտրոնանում ենք բացասականի վրա: Հատկապես, երբ խոսքը քաղաքականության մասին է: Բայց մեր քաղաքական կյանքում էլ լուսավոր պատմություններ կան, անձինք կան, որ իրենց օրինակով մարդկային դեմք ու բարոյականություն են հաղորդում քաղաքականությանը՝ վառ պահելով հավատարմության ու երախտագիտության առաքինությունը:
ՈՒ իմ էս զգացումը մտքումս միս ու արյուն է ստանում առաջին հերթին կոնկրետ մարդկանց օրինակով:
Լևոն Զուրաբյան ու Արամ Մանուկյան: Արմեն Աշոտյան ու Էդուարդ Շարմազանով: Մհեր Շահգելդյան ու էլի շատերը: Ֆորշի ասած՝ չնեղանան նրանք, ում անունը չեմ նշում: Վաստահաբար, շատ-շատերը, ում ինքս չեմ էլ ճանաչում:
Մարդիկ, ում հանդեպ իմ հարգանքն առաջին հերթին պայմանավորված է հենց այդ չափումով: Որ իրենք այսքան տարի հավատարիմ մնացին իրենց՝ իշխանությունից վաղուց հեռացած առաջնորդներին: Գաղափարներ, կուսակցություն, շահ և այլն՝ գիտեմ: Բայց առաջին հերթին զուտ մարդկային հավատարմությունը, երախտագիտությունն իրենց առաջնորդներին:
ՈՒ ոչ մեկի հետ անձնապես խորը հարաբերություններ չունեմ: Չեմ էլ ունեցել: Լևոն Զուրաբյանի հետ անգամ տհաճ միջադեպ է եղել: Բայց նրանք բոլորն իմ մտքում խորհրդանշում են կյանքում ու քաղաքականության մեջ ինձ համար ամենակարևորը՝ հավատարմությունն ու երախտագիտությունը:
ՈՒ որպես մեկը, ով ճաշակել է քաղաքականությանը բնորոշ շատ բացասական զգացումներ, ահագին բան տեսել ու ապրել, ուզում եմ նաև էս ձևով, առանց ամաչելու, առանց որևէ հետին մտքի այս գրառմամբ իրենց ու իրենց նման բոլորին պարզ շնորհակալություն հայտնել. իրենց տեսակի, քաղաքականությանն իրենց օրինակով բարոյականություն հաղորդելու համար:
Կարծում եմ՝ ոչ միայն իմ անունից:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ